«Զինված ուժերն ու բանակն իրենց գործն արել ավարտել են, այժմ քաղաքական լուծման ժամանակն է». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Լոկալ բախումները կարո՞ղ են հանգեցնել լայնածավալ գործողությունների՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։ «Անկանխատեսելի է։ Այն, որ սահմանի այդ հատվածում լարվածությունը, դիվերսիոն գործողությունները շարունակվելու են, երկրի թիվ 1 պաշտոնյան պետք է հասկանա, նաև հասկանա, որ զինված ուժերն ու բանակն իրենց գործն արել-ավարտել են, այժմ պետք է քաղաքական լուծում, որովհետև Ադրբեջանն անընդհատ հարձակվելու է այդ դիրքերի վրա»:
Ինչո՞ւ։ «Որովհետև կարևոր հանգույց է և թուլացնում է Ադրբեջանի պաշտպանական ու հարձակողական կարողությունները»: Ո՞րն է քաղաքական լուծումը։ «Իշխանությունը պետք է օգտագործի ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերությունների ողջ ռեսուրսը»:
Դիմեն ՀԱՊԿ-ի՞ն: «ՀԱՊԿ-ին դիմելու հազար ու մի պրոցեդուրա կա, նկատի ունեմ` քաղաքական լուծման և ոչ ռազմական տարբերակը՝ պետք է ՀԱՊԿ-ից պոկել գնահատական, որ ՈՒԱԶ-ի մոլորվածության խնդիր չէ, այլ` ուղեկալի վրա ադրբեջանական կողմի հարձակման»:
Ինչո՞ւ չի անում դա ՀԱՊԿ-ն։ «Մերոնց լուրջ չի վերաբերվում»: Իսկ ԵԱՀԿ ՄԽ-ից ի՞նչ պետք է սպասել։ «Պետք է վերականգնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմավորվածությունները ու նաև տիեզերական զոնդաժը` օրբիտայից երկու կողմերի ռազմական շարժը վերահսկելու համար։ Պետք է հասնել նրան, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում հայտնի և ոչ լղոզված հայտարարություններ անի` հատկապես թուրքական գործոնով պայմանավորված, որովհետև մենք ՌԴ-ի հետ ունենք համատեղ պայմանագրեր` օդային տարածքի ու «մնացյալի» հետ կապված։
Ինչ վերաբերում է Իրանին․ քանի որ այս ամենը նաև փորձ է` թույլ չտալու ԵԱՏՄ ընդլայնումը դեպի Իրան, Իրանը, որպես կապող օղակ, պետք է ներգրավել դիվանագիտական գործընթացի մեջ, որպես չերևացող, բայց շատ լուրջ դաշնակցի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: