Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր տարածաշրջանում ուժերի դասավորությունն այնպիսի տեսք ունի, որ Հայաստանի համար արտաքին անվտանգության սպառնալիքները միշտ ակտուալ են։ Մեր երկրի համար անվտանգության հիմնական սպառնալիքը գալիս է Ադրբեջանի կողմից, որը տարբեր միջոցներով փորձում է հասնել ռազմական գործողությունների վերսկսմանը և հրաժարվում է ճանաչել Արցախի անկախությունը։
Սակայն Հայաստանի համար մյուս մեծ արտաքին սպառնալիքը գալիս է հարևան Թուրքիայից։ Այս երկիրն արդեն ուրիշ քաշային կատեգորիա է, քանի որ 80 մլն-ից ավելի բնակչություն ունի, տիրապետում է ահռելի տնտեսական հզորության՝ անգամ Մեծ քսանյակի (G20) երկրների մեջ է մտնում, և ունի անհամեմատ հզոր ռազմական ներուժ՝ սպասարկելով ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևը։
Թուրքիան հակահայ քաղաքականության շրջանակում բացահայտ կերպով սատարում է Ադրբեջանին։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի հետ սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում թուրքական կողմը նախապայմաններ է առաջ դնում, որոնցից մեկն էլ վերաբերում է Արցախյան հակամարտության ադրբեջանամետ լուծմանը։
Բացի այդ, Թուրքիա-Ադրբեջան տանդեմը վարում է Հայաստանին տնտեսապես շրջափակման ենթարկելու և մեկուսացնելու քաղաքականություն։ Այդ պատճառով է, որ տարածաշրջանային գրեթե բոլոր ստրատեգիական նախաձեռնությունները և կարևորագույն հաղորդակցության ուղիները շրջանցում են մեր երկիրը։ Եվ ժամանակի ընթացքում Թուրքիան փորձում է ավելի մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում և անգամ տարածաշրջանից դուրս։ Պատահական չէ, որ թուրքական բանակը ժամանակ առ ժամանակ քուրդ զինյալներին ոչնչացնելու կամ այլ պատրվակներով ներխուժում է Սիրիայի կամ Իրաքի հյուսիսային հատվածներ՝ ոտնահարելով այդ երկրների ինքնիշխանությունը։
Հետաքրքրական է նաև, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը ուժեղացնել նաև միջերկրածովյան տարածաշրջանում։ Թուրքական կողմն ապօրինի հորատման ծրագրեր է իրականացնում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու և ափամերձ ծանծաղուտի սահմաններում, որը հարուստ է օգտակար հանածոներով։
Ու սրան զուգահեռ Թուրքիան չի խորշում Լիբիայի քաղաքացիական պատերազմում իր ներգրավվածությունն ավելացնելուց։ Իսկ իսլամական աշխարհում իր գերակայության հասնելու ձգտումով էլ պայմանավորված՝ Թուրքիան ստեղծել է աշխարհաքաղաքական հակասությունների բարդ շղթա։
2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 տարին, և այդ երկիրը ձգտում է այդ հոբելյանական թվականին վերականգնել իր հզոր տերության կարգավիճակը։
Եվ այս համատեքստում ադրբեջանական ուղղությունը մնում է թուրքական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Դրանով է պայմանավորված Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ թուրքական կողմի չափից ավելի ադրբեջանամետ արձագանքը։
Պատահական չէ, որ հայկական կողմի գործողությունները դատապարտեցին և Ադրբեջանին իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա ԱԳ նախարար Չավուշօղլուն, ինչպես նաև նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։
Այսպիսի հայտարարություններով Թուրքիան լարվածություն է հրահրում տարածաշրջանում և փորձում է ձեռքերը տաքացնել այդ լարվածության կրակի վրա։ Պատահական չէ, որ վերջերս մամուլում հայտնվեցին գաղտնի փաստաթղթեր, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է ունեցել։ Չնայած շատերը լուրջ չեն ընդունում այդ ծրագրերը, սակայն դրանք լուրջ անհանգստանալու տեղիք պետք է տան։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը։
Անհրաժեշտ է, որ մեր երկիրը ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը Թուրքիայի ախորժակը զսպելու ուղղությամբ, և դրա շրջանակներում խորացնի իր համագործակցությունը այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիայի հակասությունները խորանում են։ Այդպիսի գործընկերներ կարող են լինել Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Սիրիան, ինչու չէ, նաև Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը։ Այս կերպ պետք է զսպել ու հակակշռել Թուրքիային»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: