ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանը» որոշել է իր կորցրած մանդատի հարցով մինչեւ վերջ գնալ։ Երեկ կուսակցությունը ԿԸՀ որոշման վերաբերյալ հայց է ներկայացրել վարչական դատարան։ Հիշեցնենք․ նախօրեին ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ պահանջը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը, որը խմբակցությունը կորցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրենց շարքերից հեռանալուց հետո:
ԿԸՀ-ն արձանագրեց․ չկան իրավական հիմքեր, ըստ որոնց՝ հնարավոր է վերականգնել որեւէ խմբակցության մանդատ, եթե պատգամավորներից մեկը լքել է խմբակցությունը, սակայն վայր չի դրել մանդատը։ Մինչդեռ ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված՝ ԱԺ պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, եւ դա վերականգնելը ԿԸՀ-ի գործառույթն է։ ԼՀԿ-ն օրացուցային 3 օր ուներ՝ բողոքարկելու ԿԸՀ որոշումը։
Մեր տեղեկություններով, եթե վարչական դատարանն էլ չբավարարի հայցը, ԼՀԿ-ն կդիմի հաջորդ քայլին՝ կբողոքարկի նաեւ վարչականի վճիռը, կսպառի բոլոր ընթացակարգերը եւ կդիմի ՍԴ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: