Դատախազներին կարող են ընտրել նաև արտահերթ մրցույթով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Վարդանյանն առաջարկում են ամրագրել, որ դատախազներին կարող են ընտրել նաեւ արտահերթ մրցույթով: Բանն այն է, որ այժմ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Եվ, ահա, պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նկատում են, որ արտահերթ մրցույթ անցկացնելու հնարավորություն տալու հարցը հրատապ է, քանի որ քրեական գործերի շարունակական աճ է, իսկ դատախազներն էլ գերծանրաբեռնված են:
Ավելին, նախագծից տեղեկանում ենք, որ 2008 թվականից ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել, եւ եթե 2008 թվականին նախատեսված է եղել 337 դատախազական հաստիք, ապա 2019 թվականի մայիսի 15-ի դրությամբ առկա է 351 հաստիք:
Եվ, ահա, այս տարվա հունիսի 1-ի վարչապետի որոշմամբ՝ հաստիքների առավելագույն շեմ է սահմանվել 726-ը՝ այն բարձրացնելով 73-ով, եւ դրա մեծամասնությունն էլ կհամալրվի հենց դատախազներով: Նաեւ սրանով պայմանավորված է անհրաժեշտություն առաջացնել անցկացնել արտահերթ բաց մրցույթ, իսկ գործող օրենքով այն միայն մեկ անգամ կարող էր անցկացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: