Իշխանությունները զարմացել են ու անակնկալի եկել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները ակցիա էին իրականացրել՝ նամակներ հանձնելով ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, «փաստելով, որ ժողովրդավարությունն անհնարին է առանց իրավունքի գերակայության սկզբունքի հարգման եւ պահպանման, իսկ երկրի բարձրագույն օրենքի կոպիտ անտեսումն ու ոտնահարումը, Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգության հանդուրժումը վտանգում է եւ իսպառ վտանգելու է ողջ դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետությունում, կոչ է անում նշյալ կառույցներին զերծ մնալ կողմնակալ հակաժողովրդավարական հայտարարություններից եւ տիրող հակաիրավական իրավիճակին տալ օբյեկտիվ ու անաչառ գնահատական/արձագանք»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները անակնկալի են եկել ակցիայի՝ սպասվածից ավելի բազմամարդությունից: Բանն այն է, որ նրանք խորապես վստահ են եղել, թե «նախկինները» ներուժ չունեն եւ չեն կարողանա մարդ հանել փողոց:
Ավելին, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանին սկզբից զեկուցել են, թե «հազիվ մի տասը հոգի կարողանան հավաքել»: Ի վերջո, իշխանությունների զարմանքն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հավաքը ցրելու գործողություններ չեն իրականացրել: Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցում է, թե Փաշինյանը «պատեպատ է տվել» իրեն սխալ տեղեկություններ զեկուցողներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: