Ի՞նչ նպատակ են հետապնդում արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված փոփոխությունները. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Իշխանություններն այս օրերին օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնում, որոնք նպատակ ունեն արտակարգ դրության պայմաններում տարբեր համակարգերի կենտրոնացված կառավարում ապահովել:
Ներկայումս նման նախաձեռնություն են հանդես բերել առողջապահության եւ կրթության ոլորտների վերաբերյալ, մի դեպքում՝ նշված ժամանակահատվածում ՀՀ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը առողջապահության նախարարությանը փոխանցելու լիազորություն տալով կառավարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից, մյուս դեպքում՝ հնարավորություն ընձեռելով կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաեւ նոր ցանկ:
«Ես հիմա այլ նպատակ եմ տեսնում. ասել՝ «ես ունեի ինչ-որ մտքեր, որոնք չկարողացա իրականացնել, որովհետեւ որոշ ղեկավարներ ինձ խանգարեցին, հիմա օրենքը կունենամ, իրենց կփոխեմ ու ամեն ինչ լավ կլինի»: Այս առումով հիշենք, որ մինչ այս կանխարգելման ձախողման համար մեղավոր նշանակվեց ժողովուրդը:
Ինչեւէ, վերոնշյալի առումով ես ուզում եմ շեշտել, որ չկա այնպիսի գլխավոր բժիշկ կամ բուժհաստատության տնօրեն, որը պատրաստակամ չէ պայքարելու կորոնավիրուսի համաճարակի դեմ:
Հետեւաբար, մարդկանց փոխելու ցանկության մեջ ես ավելի շատ կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսական հոսքերը վերահսկելու շարժառիթ եմ տեսնում»,-առողջապահության համակարգի առումով «Փաստի» հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, համանման փոփոխություններ իշխանությունները նախատեսում են նաեւ այլ ոլորտներում: Այս հանգամանքից ելնելով՝ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ իշխանություններն իսկապես նախատեսում են դեռ երկար ժամանակ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: