Այս կառույցի հետ էլ «յոլա» չեն գնում. ԲԴԽ նախագահին կփոխե՞ն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Տևական ժամանակ է` ՀՀ դատաիրավական ոլորտում ընթացող գործընթացները դարձել են երկրում տեղի ունեցող իրադարձությունների առանցքային թեմաներից մեկը։ Մեր տեղեկություններով, գործող իշխանությունները նպատակ ունեն ընդհանուր առմամբ այս ոլորտում ունենալ բացարձակ ազդեցություն, մաքսիմալ ազատվել «ոչ յուրայիններից»։
Մասնավորաբար, չնայած ներկայիս բարձրագույն դատական խորհրդի կազմը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այս կառույցի հետ ևս Փաշինյանի իշխանությունը որոշակի խնդիրներ է տեսնում, կամ, ինչպես իրավաբանական հանրության շրջանում են խոսում, այս կառույցի հետ էլ «յոլա» չեն գնում։
Շատերի համար անսպասելիորեն վերջին շրջանում տարբեր շրջանակներ սկսել են թիրախավորել ԲԴԽ-ն՝ նշելով, թե այն նույնպես սպասարկում է «նախկիններին»։
Թերթի տեղեկություններով, իշխանության շրջանում վերջերս նախնական որոշում է կայացվել, և մինչև սեպտեմբեր տարբեր սատելիտների միջոցով հրապարակ կնետվի, իսկ սեպտեմբերից արդեն բաց տեքստով առաջ կքաշվի ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականի հարցը։
Մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, այս հարցի հետ կապված իշխանական խմբակցությունում արդեն որոշակի իրավակարգավորումներ են ուսումնասիրվում ու մշակվում, ավելին՝ խմբակցությունում Նիկոլ Փաշինյանի «հավատարիմները» մի քանի հանդիպումներ են ունեցել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեկնածուների հետ՝ հասկանալու, թե ով ավելի հնազանդ կլինի։ Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ովքեր են այդ անձինք՝ խոստանալով առաջիկայում ավելի խորքային մանրամասներ տրամադրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: