Եռյակը պայմանավորվածություն է ձեռք բերել ստեղծել կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ. Անցել են պլան Բ-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
« «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «ՀՅԴ» կուսակցությունները, երբ չկարողացան համագործակցության հուշագիր կնքել, մի պահ խռովեցին իրարից, հիմա անցել են պլան Բ-ին։ Եռյակը պայմանավորվածություն է ձեռք բերել ստեղծել կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հստակացվել է, թե ընդդիմադիր ուժերից ովքեր են այդ աշխատանքային խմբում լինելու:
ԲՀԿ-ից այդ աշխատանքային խմբում են լինելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գրիգորյանն ու Իվետա Տոնոյանը, ՀՅԴ-ից լինելու են Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, իսկ արդեն «Հայրենիք» կուսակցությունից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը: Ըստ այս աշխատանքային խմբի ներկայացուցիչների՝ իրենք պետք է լայն համախմբում ապահովելու նպատակով մշակեն համատեղ գործողությունների ծրագիր եւ ճանապարհային քարտեզ:
Հետաքրքիրն այն է, որ նախապես հայտարարված 5 քաղաքական ուժերից մնացել են ընդամենը երեքը, որոնք պետք է միասին աշխատեն, իսկ այս կուսակցությունների հետ «քայլող» «Ազգային օրակարգ» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները դուրս են մնացել գործընթացից:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչու որոշում կայացվեց այդ ուժերի հետ չհամագործակցել, սակայն երկու կուսակցությունների լիդերները մեր հեռախոսազանգերին չպատասխաեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: