Անշարժ գույքի վարձատու սեփականատերերը ևս խնդիրների առջև են կանգնած. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Համաշխարհային համաճարակային իրադրությունը շարունակում է իր ուղղակի հետեւանքները թողնել հայաստանյան իրականության վրա, եւ մարդիկ ամենաուղիղ ձեւով քաղում են դրա պտուղները։
Երեկ վարչապետն էլ փաստեց, որ վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Արդեն չորս ամիս է՝ ՀՀ-ում արտակարգ դրություն է, իսկ տարբեր կազմակերպություններ ստեղծված իրավիճակով պայմանավորված, կա՛մ դադարեցնում են իրենց գործունեությունները, կա՛մ աշխատանքները կազմակերպում հեռավար համակարգով։ Տարբեր ոլորտներ յուրովի են տուժել այս վիճակից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ բավականին վատ դրության մեջ են հայտնվել նաեւ անշարժ գույքի այն սեփականատերերը, որոնք իրենց տարածքները վարձակալության են տրամադրում:
Բանն այն է, որ տնային պայմաններում աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ որոշ ոլորտների գործունեության կասեցման գործընթացներին զուգահեռ շատ ընկերություններ ուղղակի հանձնում են իրենց վարձակալած տարածքները, կամ խնդրում են վարձավճարային «արձակուրդ» կիրառել, ծայրահեղ դեպքում՝ գոնե մեծ զեղչեր անել։
«Վերջին երկու խնդրանքի բավարարման դեպքում մենք ենք հայտնվում անփող վիճակում, չբավարարման դեպքում վարձակալները դադարեցնում են պայմանագիրը: Այս դեպքում էլ ենք տուժում, քանզի հիմա դժվար է նոր վարձակալ գտնել: Մենք հասկանում ենք, որ վարձակալներն էլ խնդիրներ ունեն:
Բայց այս ամենի արդյունքում այս դաշտում ստեղծվել է տոտալ լճացում»,- մեզ հետ զրույցում ասաց վարձատուներից մեկը՝ հավելելով, որ սա էլ հանգեցնում է բացասական մուլտիպլիկատիվ էֆեկտի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում