ՌՈ պետի որդուն ուղարկել են բանակ, իսկ ավելի ուշ ազատել. հարուցվել է քրեական գործ (Տեսանյութ)․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն ուշագրավ տեղեկություններ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի որդու մասին: Մասնավորապես, պարզեցինք, որ Աղաջանյանի որդու հետ կապված՝ ՀՀ զինվորական քննչական բաժնում քրեական գործ է հարուցված: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Աղաջանյանի որդին ամիսներ առաջ զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության, սակայն իր հայրիկի՝ ՌՈ պետի՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ազատվել է ծառայությունից: Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունը Աղաջանյանի որդու՝ բանակից ազատման մասով հարուցել է քրեական գործ, այն ուղարկել Զինվորական քննչական բաժին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանից: «Դ. Աղաջանյանը, ունենալով առողջական խնդիրներ, 19.07.2019թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքրի 315-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ»: Ստացվում է, որ քննչական մարմինը հիմա ստուգում է այն հանգամանքը, թե որ բժիշկներն են սխալ եզրակացություն տվել, որ խնդիրներ ունեցող տղան զորակոչվել է բանակ: Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտա տարվող քննությունը, որին մենք կհետեւենք, եւ չի պարզվի, որ բժշկական եզրակացությունները սարքովի են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։