Քաղաքաշինության համակարգը՝ տխուր վիճակում. ովքեր են պատասխանատուները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Չնայած 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո փոփոխություններ եղան տարբեր ոլորտներում, սակայն քաղաքաշինության համակարգում, ըստ էության, մնացել են հին բարքերը, ավելին՝ չեն փոխվել անգամ գործող հիմնական անձինք:
Իսկ ովքե՞ր են նրանք, որոնք տարիներ շարունակ տնօրինել են Երեւան քաղաքի քաղաքաշինության ոլորտը. Արմեն Ղուլարյան. նա այժմ կատարում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները, քանի որ ղեկավար Վահագն Վերմիշյանը կալանավորված է կաշառք ստանալու մեղադրանքով: Ընդ որում, նա մինչ այդ զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը, սակայն համակարգում հնաբնակներից է եւ պաշտոններ է զբաղեցնում վաղուց՝ դեռ 90-ական թվականներից: Ընդ որում, Ղուլարյանը եղել է ամենաերկարակյաց մարզպետը եւ 15 տարի նույն մարզը ղեկավարելուց հետո նա լծվել է քաղաքաշինության համակարգը «բարեփոխելուն»: Հաջորդ պատասխանատուն Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն է:
Նրա նշանակումը սկզբնական շրջանում ողջունվեց, բայց վերջին շրջանում նա հաճախ է հայտնվում քննադատության թիրախում, իսկ մեծամասնությունն էլ նկատում է, որ քաղաքում եւ կատարվող աշխատանքների տրամաբանության մեջ ոչինչ չի փոխվել: Մյուս պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանն է, որն իր պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: Նա ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բաջանաղն է: Եվ, իհարկե, այս պատկերն ամբողջացնում է Քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը:
Եվ չնայած նա այժմ պաշտոն չի զբաղեցնում, սակայն տիրող իրավիճակի, Երեւանի այժմյան պատկերի գլխավոր պատասխանատուն հենց Նարեկ Սարգսյանն է: Սակայն նկատենք, որ հեղափոխությունը պետք է հասնի հենց քաղաքաշինության ոլորտ. այստեղ եւս հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն 2018 թվականից մինչ օրս որեւէ շարժ չենք տեսնում: Ի վերջո, ե՞րբ պետք է կարգավորվի ոլորտը, եւ ո՞վ պետք է պատասխան տա նախկին քայլերի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում