Նիկոլ Փաշինյանը կապիտալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը սառեցնելու մեծ վարպետ է. Իշխանությունները կացինով գնում են ՀԱԷԿ. «Գոլոս Արմենիի»
Նիկոլ Փաշինյանը կապիտալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը սառեցնելու մեծ վարպետ է, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ անդրադառնալով Հայկական Ատոմային էլեկտրակայանի հետագա ճակատագրին:
«Փորձենք դիտարկել բավական անսովոր պատմություն՝ կապված 270 մլն դոլարի չափով ռուսական վարկային գծի եւ 30 մլն դոլարի չափով այդ գծով գրանտային բաղադրիչի հետ, որոնք նախատեսված են ՀԱԷԿ-ի գործունեության երկարաձգման հարցով աշխատանքների համար: Մեր երկրում իշխանափոխությունից հետո այդ գործընթացը սառեցվել է, ինչը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով պատճառ է դարձել վարկի մի մասից հրաժարվելու համար: Իսկ փոխարե՞նը: Կառավարությունն առաջարկում է իրականացնել պետական գանձապետարանի պարտատոմսերի էմիսիա, ինչը առաջիկա 3 տարում կներգրավի 63,2 մլրդ դրամ: Ընդ որում, դա հուսադրում է, որ որպես բյուջետային վարկ գումարը կտրամադրվի ատոմային էլեկտրակայանին այն նույն պայմաններով, ինչով որ ռուսական վարկ է տրամադրվել: «Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից եւ փոխարենը ներգրավում ենք միջոցներ ներքին աղբյուրներից ավելի լավ պայմաններով…Նախկին պայմաններով որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում գնումների իրականացման առումով, իսկ այս դեպքում կարող ենք ապրանքներ գնել մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է ավելի ցածր գին»,-կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: Մեր կարծիքով՝ վարչապետի այդ «հիմնավորումը» որեւէ քննադատության չի դիմանում: Առաջին հերթին, անհնար է պետական գանձապետարանի պարտատոմսերի թողարկման ճանապարհով ֆինանսական միջոցներ ներգրավել «լավ պայմաններով»: Նման դեպքում տոկոսային վճարումները առնվազն 2-3 անգամ բարձր են: Այսպիսով, անցած տարի առաջնային շուկայում միջին եկամտաբերությունը կազմել է 9,05%, իսկ այսօր՝ շուկաներում բարձր տուրբուլենտության պայմաններում, ներքին պարտքը էլ ավելի թանկ կլինի: Եվ եթե կառավարությունը շարունակի նույն պայմաններով ՀԱԷԿ-ին վարկ տրամադրել, ապա պետբյուջեն իր վրա կվերցնի այդ գումարի մնացած բեռը: Ո՞րն է իմաստը: Հրաժարվել ավելի էժան ներքին միջոցներից՝ հօգուտ ավելի թանկ ներքին պարտքի՞: Երկրորդ հերթին, շուկայից մրցակցային գներով անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը, ըստ Փաշինյանի՝ ավելի ցածր գնով: Ինչպես բոլորին հայտնի է, հավանաբար, բացի վարչապետից, մեր ատոմային էլեկտրակայանում կա «սովետական» ջրա-ջրային ռեակտոր, այնպես որ, ՀԱԷԿ արդիականացման համար անհրաժեշտ ապրանքները սարքեր են եւ տեխնիկական սարքավորումներ, որոնք կարելի է ձեռք բերել հենց եւ միայն Ռուսաստանում: Այդ առումով մենաշնորհը բնական է, առավել եւս, որ կառավարությունը հայտարարում է, որ վերակառուցման ծրագրերի հետ կապված աշխատանքները կարող է իրականացնել միայն մեկ ընկերություն՝ «Ռոսատոմը»: Այս ամենից քաղաքականության հոտ է գալիս: Հատկապես եթե հիշենք, թե ինչպես փոշիացան Ֆուկուսիմայի վթարից հետո ռուսական ռեակտորների անհուսալիության մասին Եվրամիության փորձագետների փաստարկները: Միեւնույն ժամանակ, մեր հիշողությունում դեռ թարմ են 1989 թվականի իրադարձությունները, երբ Սպիտակի երկրաշարժից հետո ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվեց, ինչը երկրում սուր էներգետիկ ճգնաժամ առաջացրեց, որը շարունակվեց մինչեւ 1995 թվականը, երբ կայացավ 2-րդ էներգաբլոկի փրկիչ գործարկումը: Եվ այդ ժամանակ դրան կրկին նպաստեցին ռուս մասնագետները: Ինչպես հայտնի է, Եվրամիությունը պնդում է, որպեսզի ՀԱԷԿ-ը փակվի, եւ ԵՄ-ի հետ համաձայնագրում հստակ նշվում է, որ Երեւանը պետք է դրա դեմոնտաժի ճանապարհային քարտեզ մշակի: Մեր 2 հարեւան պետությունները ակտիվորեն լոբբինգ են անում այդ հարցը: Այդ առումով մտավախություն կա, որ վարչապետը նոր ներքին, ազգային շահի հետ ընդհանրություն չունեցող օրակարգ է իրականացնում, որի նպատակն է փակել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտը»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Գոլոս Արմենիի» թերթում