Ոստիկանական մեքենաներ, ջրցան մեքենա, ոստիկանների հոծ բազմություն, մարզերից Երևան բերող ճանապարհներին ոստիկանական ուժեղ հսկողություն. Հնարավոր է, որ այդ քայլերը գնալով ավելի բռնի դրևորումներ ունենան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Ոստիկանական մեքենաներ, ջրցան մեքենա, ոստիկանների հոծ բազմություն, մարզերից Երևան բերող ճանապարհներին ոստիկանական ուժեղ հսկողություն, արտակարգ դրության քողի ներքո հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելու փաստեր, ընդ որում՝ շատ դեպքերում բիրտ ու անհամաչափ ուժ գործադրելով: Կարծում եք՝ սա նախկին իշխանության օրոք իրավիճակի նկարագրությո՞ւն է: Ամենևին. սրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության երեկվա ու նախորդ օրվա գործողություններն են: Այն իշխանության, որն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե ունի ժողովրդի վստահությունը, սակայն ուժային մեթոդներով պաշտպանվում է նույն ժողովրդի բողոքից: Ընդ որում, այն պարագայում, երբ երկրում արտակարգ դրություն է, և առանձնապես շատ մեծաքանակ քաղաքացիներ փողոց դուրս չեն եկել:
Ուստի պատահական չէ, որ սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ եթե այսօր է Փաշինյանը բռնի ուժ կիրառում ժողովրդի, այդ թվում՝ լրագրողների դեմ, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի կարող է դիմել, եթե արտակարգ դրություն չլինի ու մարդիկ հազարներով փողոց դուրս գան:
«Փաստի» հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, թե այդ ամենը վկայում է, որ իշխանությունները մեծապես անհանգստացած են իրենց դիրքերի սասանումից, առավել եւս, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործողությունները գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու անհատ գործիչները գնահատել են որպես իրավական գործիքների ու բռնաճնշումների գործադրմամբ քաղաքական հաշվեհարդար:
Ավելին, փորձագետները նաեւ կարծում են, որ հիմա գործ ունենք «ձնծաղիկների» հետ: Մասնավորաբար, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում ասել է. «Առերեւույթ իշխանությունը մեկ խնդիր ունի՝ Նիկոլ Փաշինյանը պայքարում է իշխանությունը պահելու համար, եւ կյանքը ցույց է տալիս, որ դրա համար պատրաստ է ցանկացած քայլի գնալ: Հնարավոր է, որ այդ քայլերը գնալով ավելի բռնի դրսեւորումներ ունենան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: