Մանկապարտեզի աշխատակիցները սպասման մեջ են. փոխքաղաքապետի խոստումը՝ օդում կախված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցները սրտատրոփ սպասում են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոստացած հավելյալ ֆինանսական միջոցներին:
Հիշեցնենք, որ Վիրաբյանը դեռևս մայիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Այս օրերին մանկապարտեզներում աշխատանքի հաճախող աշխատակիցներին հավելյալ խրախուսելու համար ֆինանսական միջոցներ ենք գտնելու»։ Պարզվում է՝ քաղաքապետարանը դեռ չի գտել ֆինանսական այդ միջոցները: Ավելին՝ Երևանի նախակրթարանների աշխատողները մտահոգված են, նրանք այս հարցով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին:
Այս առիթով մենք դիմեցինք քաղաքապետարան և հետաքրքրվեցինք՝ արդյոք գտնվել են ֆինանսական այդ միջոցները, թե ոչ, արդյոք այս ժամանակահատվածում աշխատելու համար նախակրթարանների աշխատողները կստանան պարգևավճարներ, թե ոչ:
Սակայն մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից արձագանքել են՝ նշելով հետեւյալը. «Այս օրերին մանկապարտեզներ հաճախող աշխատակացիներին հավելյալ ֆինանսական խրախուսում տալու հարցը դեռ քննարկման փուլում է»: Այսինքն՝ ամիսը շուտով կավարտվի, բայց խրախուսելու համար Վիրաբյանի խոստացած ֆինանսական հավելյալ միջոցները դեռևս գտնված չեն, ու հարց է՝ կգտնվեն, թե ոչ, բայց հայտարարությունը համայնքային պաշտոնյայի շուրթերից հնչել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: