Անշարժ գույքի շուկայում շարժ չկա․ մարդկանց չի հետաքրքրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Երևանի վարչական շրջանների մի մասում ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների գները չեն բարձրացել, պահպանել են նախորդ ամսվա մակարդակը:
Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն և՛ մարտ, և՛ ապրիլ ամիսներին արժեցել է 670 հազար դրամ: Բայց եթե այս գները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա թանկացումը զգալի է՝ 80 հազար դրամ: Արաբկիր վարչական շրջանում ապրիլին բնակարանների մեկ քմ-ի գինը կազմել է 465 հազար դրամ, բայց մեկ տարի առաջ այն կազմել է 404 հազար 100 դրամ: Այսինքն՝ Արաբկիր վարչական շրջանի դեպքում մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են 60 հազար 900-ով:
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջաններում եւս բնակարանների մեկ քմ-ի գները ապրիլին, մարտի համեմատ, չեն բարձրացել, այլ մնացել են նույնը:
Ի դեպ, նշենք, որ Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն արժե 303 հազար 50 դրամ, Դավթաշենում` 350 հազար դրամ: Թերևս անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով, երբ մարդկանց անգամ չի հետաքրքրել բնակարան գնելը կամ վաճառելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: