Անցնում են համայնքապետների «գույքագրմանը». փորձում են բոլորին «իրենցով» անել, որպեսզի «թռնողներ» չլինեն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում օրակարգային «ռասկլադի» որոշակի փոփոխություն է տեղի ունեցել։
Իշխանությունները, հասկանալով, որ երկրի ներսում քաղաքական գործընթացները «ձնագնդի էֆեկտ» են ստանում, իսկ իրադարձություններն անհավանական արագությամբ են զարգանում, փորձում են բոլոր հնարավոր տարբերակներով ամրացնել սեփական դիրքերը։
Թերթի տեղեկություններով, դիրքերի ամրապնդման հարցում իշխանության վերին էշելոններից հատուկ հանձնարարական է իջել մարզպետներին, որպեսզի նրանք, «Այբբենարանի» հանդեսի նման, շարքով-կարգով-հերթով ընդդիմադիրներին կամ ըննդիմախոսներին անդրադառնալուց, հակադրվելուց զատ, վերջնական ու ամբողջական ցուցակ ներկայացնեն, թե ովքեր են իշխանության հավատարիմ համայնքապետները, ավելին՝ հանձնարավել է հերթով հանդիպել բոլորի հետ անհատապես եւ առանձնազրույցներ ունենալ։
Բանն այն է, որ իշխանության թիմում անհանգիստ են, որ առաջիկայում հնարավոր է լուրջ քաղաքական զարգացումներ տեղի ունենան, եւ ընդդիմադիր սեգմենտի ուժերը կաշխատեն մարզային շրջանակների, մասնավորապես տարբեր համայնքապետների հետ, ուստի հնարավոր բոլոր միջոցներով փորձում են բոլորին «իրենցով» անել, որպեսզի «թռնողներ» չլինեն։
Սա հատկապես պայմանավորված է նրանով, որ մի կողմից՝ չնայած Փաշինյանը երկու տարուց ավելի երկրի ղեկավարն է, սակայն տեղերում լուրջ խնդիրներ ունի, մյուս կողմից՝ նա չի վստահում գրեթե ոչ մեկին, առավել եւս՝ հիմա։ Սակայն տեղերից եկող տեղեկությունները ցույց են տալիս, որ համայնքապետների մեծ մասին հնարավոր չի լինի անցկացնել «թրի տակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: