Գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը. «Կոնգ» սրճարանում միջադեպի հետքերով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռեստորանների տերերի մոտ դժգոհություն է հասունանում ընդդեմ իշխանությունների: Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և նրա կնոջ հետ պատահած միջադեպը (կինը «Բելաջիոյի»` խանութի, Սերգեյի դուստրն է) լցրել է ռեստորանատերերի համբերության բաժակը, որոնք առանց այն էլ արտակարգ ռեժիմի հետ կապված՝ լավ օրեր չեն ապրում:
Հիշեցնենք, որ «Կոնգ» սրճարան են մտել ոստիկանները և հայտարարել, որ իրավունք չունեն աշխատելու՝ պետք է փակվեն։ Ապա ծեծի են ենթարկել այնտեղ ժամանակ անցկացնող անձանց։
Ռեստորանատերերը ցանկացել են բողոքի ակցիաներ իրականացնել, սակայն գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, հորդորել են` «էս խառը մոմենտին կրակի վրա յուղ չլցնել»:
Ի դեպ, միջադեպի ընթացքում «քաշքշված» Ռոման Մուրադյանը ոչ միայն Ալեքսանյանի եղբորորդու` Արտակ Ալեքսանյանի ընկերն է, այլև ներկայիս ոստիկանապետի բարեկամներից և ՊՆ-ի մատակարարներից: Ոմանք կարծում են, որ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ միջադեպի հետ կապված է պաշտոնանկ արվել, սակայն դա քիչ հավանական է։
«Փաշինյանն առանձնապես հակված չէր Արման Սարգսյանին ոստիկանապետ նշանակել, սակայն կորոնավիրուսի հետ կապված՝ գնաց այդ քայլին, բայց քաղաքական այս կարևոր պահին իրեն հավատարիմ մարդ էր պետք, որն անտրտունջ կծառայեր։ Իսկ նորին` Փաշինյանի համադասարանցուն, դեռ այն ժամանակ էին ցանկանում նշանակել այդ պաշտոնին, բայց թայմ աութ վերցրին՝ աղմուկից խուսափեցին»,- ասաց ոստիկանությանը մոտ աղբյուրը:
Ի դեպ, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի «պսևդոնիմը» Լամպոչկա է՝ Փաշինյանի հրամանագրի լուրի տակ, օգտատերերից մեկը՝ հայտնի անձ, գրել էր․ «Հանգչի՛ր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: