Ովքեր են Երևանի ավագանու անդամներից ամենաշատ բացակայել նիստերից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Վերջին շրջանում հաճախ են լինում դեպքեր, երբ Երեւանի ավագանու նիստերն անցնում են սակավամարդ: Ընդ որում, որքան էլ զարմանալի է, հիմնական բացակաները ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներն են: Ովքե՞ր են այդքան շատ բացակայում: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երեւանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել 2018թ. հոկտեմբերի 10-ից (առաջին նիստի գումարման օր) մինչեւ օրս տեղի ունեցած նիստերից ավագանու անդամների բացակաների ցանկը:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ մինչ այժմ տեղի է ունեցել ավագանու 29 նիստ: Եվ, ահա, ուսումնասիրելով բացակաների ցանկը, պարզ դարձավ, որ այդ նիստերից 14 անգամ բացակայել է ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը, 12-ական անգամներ՝ խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, Ռուբեն Հայրապետյանը, Պավել Մազմանյանը, 11 անգամ՝ Օվսաննա Հովսեփյանն ու Կարինե Բաղդասարյանը, 10-ական անգամներ Էդգար Բարսեղյանը. Արման Հարությունյանը եւ Ռուբեն Սիմոնյանը: Ավագանու մյուս անդամներն արդեն ավելի քիչ թվով բացականեր ունեն:
Օրինակ՝ Աշոտ Մնացականյանը բացակայել է 9 անգամ, Լիլիթ Պիպոյանն ու Սերգեյ Ասատրյանը՝ 8-ական անգամ եւ այդպես շարունակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ամենաշատ՝ 14 բացակա ունեցող Արմեն Ղալեչյանը նշեց, թե բացակայել է առողջական խնդիրների պատճառով, իսկ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն էլ նշեց, թե ռեկտոր լինելու ընթացքում դժվարացել է համատեղել եւ անգամ հրաժարվել է ավագանու անդամներին տրվող փոխհատուցումից, որը նվազագույն աշխատավարձի չափով է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում