ԿԳՄՍ նախարարի գլխին «սև ամպեր» են կուտակվում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Աարայիկ Հարությունյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում, բայց այս անգամ ոչ թե ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ, այլ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում` հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, կոալիցիա է ձեւավորվել ընդդեմ Արայիկ Հարությունյանի: Այդ թվում` բավականին ակտիվ է նաեւ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, քայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որին այս հարցում սատարում են սպորտի ոլորտի հայտնի մարզիկներ:
Եվ թեպետ անելանելի վիճակում է հայտնվել Ա. Հարությունյանը եւ ինչ-որ առումով ճամպրուկային տրամադրություն ունի, սակայն իշխանության վերին օղակներում չեն շտապում նրան փոխարինել օրենսդիրից որեւէ մեկով:
Իսկ հիմնական մտահոգությունն այն է, որ որեւէ իշխանական պատգամավորի մանդատը վայր դնելը հղի է նոր ցնցումներով, հատկապես որ, առանց այն էլ, կուռ կոլեկտիվ չեն իշխանական օրենսդիրները եւ հնարավոր որեւէ ինտրիգի դեպքում` ավելի շուտ կհրաժարվեն «Իմ քայլից», քան մանդատից, եւ սա լավագույնս հասկանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում