Պարգևատրվել են զորամասերի լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները (լուսանկարներ)
Նոյեմբերի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթների արդյունքները։ Մրցանակակիրներն արժանացել են դրամական պարգևների։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պարգևատրման արարողության ընթացքում գնահատանքի են արժանացել նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները։
Բարձր գնահատելով մանկավարժների ավանդը հայրենանվեր քաղաքացու և հայրենիքի պաշտպանի ձևավորման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել առաջնագծին անսասան կանգնած պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչներին և նրանց պարգևատրել ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով։