Հայտնի է դարձել «Միսս Երկիր 2018» մրցույթի հաղթողը (լուսանկարներ)
Նոյեմբերի 3-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ «Mall of Asia Arena» համալիրում անցկացվել է «Միսս Երկիր 2018» գեղեցկության մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Վիետնամի ներկայացուցիչ 23-ամյա Նգուեն Ֆըոնգ Կհանը:
Ինչպես հաղորդում է Rappler պորտալը, երիտասարդ եգեղեցկուհին ուսումնասիրում է մարքեթինգ և ազատ տիրապետում է անգլերեն ու վիետնամերեն լեզուներին: Իրեն ներկայացնող տեսանյութուն նա անդրադարձել է Վիետնամի հարավում գտնվող Մեկոնգ գետի պահպանմանն ուղղված բնապահպանական ծրագրին:
Հատկանշական է, որ Նգուեն Ֆըոնգ Կհանի հաղթանակը Վիետնամի համար առաջինն էր մրցույթի պատմության ընթացքում:
«Միսս Երկիր»-ը համաշխարհային ճանաչում ունեցող գեղեցկության մրցույթների շարքում ամենաերիտասարդն է: Սակայն դրա յուրահատկությունն այն է, որ բոլոր մասնակիցները բարետես լինելուց բացի, պետք է ներկայացնեն հետաքրքիր բնապահպանական նախագծեր, որոնք հնարավորություն կտան բարելավել թե՛ աշխարհում, թե՛ կոնկրետ տարածաշրջանում բնապահպանական վիճակը: