Դիմակավորված տասնյակ ոստիկաններ Վանաձորում են. թիրախը՝ քրեական հեղինակություններն են (լուսանկարներ)
Վաղ առավոտից ոստիկանության քրեական գլխավոր վարչության մեծ թվով դիմակավորված ոստիկաններ այցելել են Վանաձոր: Armtimes.com-ի տեղեկություններով՝ դիմակավորված ոստիկանները Լոռու ոստիկանների հետ համատեղ, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, խուզարկություններ են իրականացրել քրեական հեղինակություն հանդիսացող ու նրանց հետ առնչություն ունեցող անձանց բնակարաններում:
Մեր տեղեկություններով՝ կան նաեւ բերման ենթարկվածներ: ՀԺ-ի թղթակիցը Վանաձորից հաղորդում է, որ իրավապահները նաեւ զենքեր են հայտնաբերել նրանցից մի քանիսի բնակարաններում, մասնավորապես՝ ավտոմատներ: Խուզարկությունները կապված են այս տարվա հոկտեմբերի 11-ին Վանաձորում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հետ, որի ժամանակ դեռեւս չպարզված անձինք կրակահերթ էին իրականացրել Վանաձորի Նավ ռեստորանից դուրս եկած 2 տղամարդու վրա, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, մոսկվաբնակ քրեական հեղինակություններ են: Կրակոցներից անմիջապես հետո հանցագործները իրենց Վազ 21-07 մակնիշի մեքենայով դիմել էին փախուստի, այնուհետ այրել մեքենան: