Հայտնաբերվել ու վնասազերծվել է բազմաթիվ բնակարաններ թալանած եռյակը՝ «Դռելը», «Ուրագն» ու «Քյալբաթինը» (լուսանկարներ)
Հոկտեմբերի 22-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Ոստիկանության Արաբկիրի և Նոր Նորքի բաժնի իրենց գործընկերների հետ Երևանում հայտնաբերել ու վնասազերծել են բնակարանային գողերի եռյակի։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նրանք են՝ Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Լուկաշ Հարությունյանը, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 39-ամյա Ալեքսանդր Քոլոզյանը և Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Օհանյանը։
Աղբյուրի տեղեկություններով` հոկտեմբերի 22-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Մ. Ք.-ն և հայտնել, որ նույն օրը մի քանի ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը և այնտեղից հափշտակել 400 ԱՄՆ դոլար, 150 հազար ՌԴ ռուբլի, 440 հազար դրամ և ոսկյա զարդեր։ Ընդհանուր առմամբ՝ տուժողը կրել է մոտ 5 մլն դրամի վնաս։
Մինչ թալանված բնակարանում զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, Երևանի Ոստիկանության քրեական հետախույզները տաք հետքերով պարզում են՝ ովքեր են թալանողներն ու Արաբկիրի և Նոր Նորքի ոստիկանների հետ եռյակին հայտնաբերում են։
Ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնի մի մասը, իսկ եռյակի բոլոր անդամները քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Բոլորն էլ ունեն քրեական հարուստ անցյալ և նախկինում նմանատիպ հանցագործությունների համար 6-ից ավելի անգամներ դատապարտված են եղել։ Դեպքեր են եղել, որ նրանք 1 օրվա ընթացքում հանրապետությունում թալանել են մի քանի բնակարաններ։