Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները (լուսանկարներ)
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում առավոտյան՝ ժամը 8-ին, սահմանված կարգով ընտրատեղամասերը բացվել են։
14/11 ընտրատեղամասում տեխնիկական սարքերի հետ խնդիր չի արձանագրվել։ Սակայն դիտորդական առաքելություն իրականացնողներն արձանագրել են, որ չհրկիզվող պահարանը բոլորի ներկայությամբ չի բացվել։
Թեկնածուներից Վարդան Առաքելյանի վստահված անձը՝ Վարդան Մելիքյանը, տեղամասում նկատել է ընտրողին ուղղորդում։ Ըստ նրա՝ հանձնաժողովի անդամը մատով ցույց է տվել, թե ում պետք է ընտրել։
Սակայն հանձնաժողովի նախագահ Աննա Գալստյանը պարզաբանեց, թե միայն ցույց է տվել, որտեղ պետք է ընտրել։ Նրա խոսքով՝ կինը լավ չի տեսել, եղել է թեկնածուներից մեկի մայրը և զուտ քվեաթերթիկն է ցույց տվել։
Խնդիրն այն է, որ վստահված անձի արձանագրած խախտումը չի ստորագրում հանձնաժողովի նախագահը՝ պնդելով, որ խախտում չկա։
«Նկատել է նաև Դիանա Գասպարյանի վստահված անձը, մենք արձանագրել ու ստորագրել ենք, սակայն մատյանում չի արձանագրում։ Եթե նույնիսկ իմ թեկնածուի մայրը լիներ, միևնույնն է, իրավունք չկա մատով ցույց տալու, ասաց նա։
Վարդան Մելիքյանը նաև նկատեց, որ հանձնաժողովի նախագահը խախտումները չի գրանցում՝ ասելով, թե «մանկապարտեզ չէ»։
«5 եք ստանում, ապրեք»,- դիմելով վստահված անձին՝ ասաց հանձնաժողովի նախագահը։
Վստահված անձինք նաև տեղեկացրին, որ հանձնաժողովի անդամի կողմից չի կնքվել ընտրողի անձնական տվյալների թերթիկը։
Բացի դրանից, նկատվել է, որ ընտրողների մեծամասնությունը նկարում է իրենց քվեաթերթիկները, ինչը նկատել են հանձնաժողվի անդամները, որոնք հորդորել են ջնջել լուսանկարները:
անձնաժողովի անդամների կարծիքով՝ հրահանգ է իջեցվել, որպեսզի ընտրողները լուսանկարահանեն քվեաթերթիկները:
Տեղամաս եկավ Արմավիրի մարզի 14-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը և ծանոթացավ վիճակին։
«Արձանագրե՛ք ամեն բան, իսկ մնացածը մենք կպարզենք, ամեն բան մատյանում արձանագրե՛ք»,- դիմելով հանձնաժողովի նախագահին՝ ասաց Նազարյանը։
Նշենք, որ այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1979 անձ։
Ընտրություններին ներկա է դիտորդական առաքելություն իրականացնող 3 դիտորդական կազմակերպություն։