Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Լիբանանի նախագահի հանդիպումը (տեսանյութ, լուսանկարներ)
Լիբանանի նախագահի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 20–ին, կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելել եղբայրական երկիր` Լիբանան:
«Շնորհակալ եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Ձեր մասնակցության և շատ բովանդակային ելույթով հանդես գալու համար: Մոտ մեկ ամիս առաջ էլ Նյու Յորքում առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Այժմ ևս երկխոսության նոր հնարավորություն ունենք: 1991թ. Հայաստանի անկախացումից հետո մեր երկրների հարաբերությունները, մեր ժողովուրդների դարավոր առնչությունները ձեռք են բերել նոր որակ, ինչը բնորոշ է երկու բարեկամ պետություններին և եղբայր ժողովուրդներին: Դա պետք է լավագույնս ծառայեցնենք մեր գործընկերության ամրապնդմանը, մեր ընդհանուր նպատակների իրականացմանը»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պայմանավորված է պատմական բարեկամական կապերով և լիբանանահայ կենսունակ համայնքի դերակատարությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի ժողովրդի սրտաբաց վերաբերմունքը ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների նկատմամբ. «Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և դա կարևոր է ոչ միայն պատմական հիշողության պահպանման, այլև նոր ցեղասպանությունների կանխարգելման համար»:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններին և կարևորել այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը:
«Պետք է այնպես անենք, որպեսզի երկկողմ տնտեսական կապերը համապատասխանեցնենք մեր երկրների միջև քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակին», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային և մաքսային ընթացակարգերի պարզեցման, նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորման ուղղությամբ: Լիբանանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների կառավարություններին համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում:
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին` Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է իր միջազգային հանձնառություններին և կարևորում է մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության իրականացմանը` Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ կողմից ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության մանդատը մեկ տարով երկարաձգելու կապակցությամբ: