Արցախում պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ, որոնք գտնվում են բնական վիճակում (լուսանկարներ)
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում շարունակվում են դամբարանադաշտի պեղումները։ Այս մասին Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության Facebook -ի էջի գրառումը տեղեկացնում է, որ նախօրեին պեղավայրում էր ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ծանոթանալու պեղումների ընթացքին։
«Խաչենագետի հովիտը հնագիտական հարուստ տեղեկություն է իր մեջ ամփոփում։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ, որոնք կարևոր են հատկապես այն իմաստով, որ գտնվում են հենց իրենց տեղում, բնական վիճակում»,֊ ընդգծել է նախարարը։
«Պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին: Ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ ու լուրջ ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը»։
Պեղումները կատարվում են ԱՀ ՄԵՀԶ նախարարության կողմից։ Դրանք սկսվել էին դեռևս ընթացիկ տարվա ապրիլ ամսին։ Այս պահին պեղումների երկրորդ փուլն է ընթանում։
Արշավախմբի ղեկավարը հնագետ, պ. գ. թ. Նժդեհ Երանյանն է»,-ասված է գրառման մեջ: