ԱԺ պատգամավորը «խոնարհվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ» (լուսանկարներ)
Սեպտեմբերի 25-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Կարապետ Հարությունյանի հանձնարարականով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանը։
Shamshyan.com - ի փոխանցմամբ վերջինս Արարատի մարզի Դաշտավան գյուղում իրեն զգալով ինչպես ձուկը ջրում՝ Lexus մակնիշի 080 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու, անգամ այն պայմաններում, երբ նշված հատվածում կանգնած էին ճանապարհային ոստիկանները։
Երևի թե «մեծն» պատգամավորին թվացել է, թե ճանապարհային ոստիկանը չտեսնելու կտա իր օրինախախտումը, սակայն, ինչպես վերջին ժամանակներում է եղել, պատգամավորը գլխիկոր տուգանվեց։ Ինչպես ականատես քաղաքացիներն էին ասում՝ «պատգամավորը խոնարհվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ, փայտիկ, որին շատ պատգամավորներ են «ռաստ եկել»»։ Պատգամավորը տուգանվեց, որից հետո խոնարհ հարսի նման առանց որևէ ծպտուն հանելու հեռացավ։