Երևանում իրար են բախվել 4 մեքենաներ. կա զոհ. Վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել (լուսանկար)
Երևանում, սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի թիվ 35/2 հասցեի դիմաց 63-ամյա Գագիկ Դավթյանը իր վարած Volkswagen մակնիշի 67 RV 666 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է նշված փողոցում դեպի Սեբաստիա փողոց տանող ուղեմասի աջ հատվածում կայանված 70-ամյա Ռուբեն Հ.-ի Իժ 27175-037 մակնիշի 34 ZՍ 928 համարանիշի բեռնատար ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բեռնատարն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով, ընդհարվել է 27-ամյա Պետրոս Բ.-ին պատկանող, նրա կողմից կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 91 NP 091 համարանիշի ավտոմեքենային:
Վերջինն էլ առաջ ընթանալով, բախվել է Երևանի բնակիչ, 34-ամյա Էմիլ Ս.-ին պատկանող, նրա կողմից կայանված վիճակում գտնվող ВАЗ 21140 մակնիշի 34 AN 808 համարանիշի ավտոմեքենային:
Պարզվել է, որ վթարի հետևանքով վարորդներից Գագիկ Դավթյանը դեպքի վայրում գիտակցության չգալով՝ մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: