Կառավարությունը ջանալու է «բանակի բազմաֆունկցիոնալ օդային բաղադրիչ» ստեղծել (լուսանկար)
Կառավարությունն այսօր ընդունել է իր գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը, որում պաշտպանության նախարարության հատվածի առաջին կետում հիշատակվում է «Բանակի սպառազինում, կառավարման համակարգի արդիականացում և անձնակազմի մարտական վարպետության բարձրացում» տողը։
Այս կետով նախատեսված է, որ մինչև 2022 թվականի ավարտը (մինչև ծրագրի գործողության ժամկետի ավարտը) Անվտանգության խորհրդի համակարգման ներքո պետք է իրականացվեն հետևյալ ծրագրերը.
Կատարելագործել զսպման համակարգը,
Բարձրացնել օդային հարձակման միջոցներից պաշտպանվածության մակարդակը,
Ավելացնել զորքերի օպերատիվ և մարտավարական հնարավորությունները,
Կատարելագործել սպառազինության և ռազմական տեխնիկայի զորահավաքային պաշարները,
Տեխնիկապես վերազինել կառավարման համակարգը և ինստիտուցիոնալացնել «հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքը
Արդիականացնել ռազմական գործողությունների վարման ձևերն ու եղանակները, ստեղծել ինքնատիպ հայկական ռազմարվեստ։
Փաստաթղթի հիմնավորման մեջ այս կետի վերաբերյալ ասվում է, որ «առաջարկվում է … ավելացնել ջանքերը բանակի բազմաֆունկցիոնալ օդային բաղադրիչի ստեղծման ուղղությամբ»: Այստեղ, կարծես, ակնարկում են բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների (օրինակ՝ Սու-30) ձեռքբերման մասին, որի շուրջ խոսակցությունները տևական ժամանակ տարածվում են։
Կառավարության միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսվում է 2019-2020թթ. իրականացնել պաշտպանության ռազմավարական վերանայում (նախորդը ավարտվել է 2015 թվականի վերջին, լինում է 5 տարին մեկ), որի արդյունքներով կմշակվեն.
ՀՀ ԶՈւ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման նոր պետական ծրագիր,
ՀՀ ԶՈւ կառուցվածք և կանանադրություն, մարտական կանոնադրություններ,
համապատասխան կարգեր,
պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի դիրեկտիվներ և հրամաններ:
Հիշեցնենք, որ բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերման մտադրությունների մասին «Շանթ-2018» զորավարժությանն անցկացվող հավաք-պարապմունքներից մեկի ժամանակ հայտարարել է նաև ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։
«Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը՝ օգտագործման ճկունության և դիմակայունության առումով»։
Լուսանկար՝ (Սու-30)