Մեր այս փոքր, բայց թանկարժեք հայրենիքը դարձրեք աշխարհում լավագույններից մեկը. նախագահը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին (լուսանկարներ)
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կրթահամալիրում, ծանոթացել հիմնական ենթակառուցվածքներին, ուսումնառության պայմաններին ու հնարավորություններին:
Կրթահամալիրի նախադպրոցական, տարրական, հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրապետության նախագահը զրուցել է սաների և ուսուցիչների, առանձին կրթական ծրագրերի մասնակից աշակերտների հետ: Կրթահամալիրի տնօրենը նախագահին է ներկայացրել կատարված աշխատանքները, կրթական ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Կրթահամալիրի հիմնական մասնաշենքում շնորհավորելով սաներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է.
«Ձեր դպրոցը փայլուն օրինակ է այն բանի, որ եթե ձեզնից յուրաքանչյուրն իսկապես հավատում է ինչ-որ բանի, եթե ձեզնից յուրաքանչյուրն ունի ծրագիր, տեսլական և պատրաստ է իր կյանքը, ժամանակը, եռանդը ներդնել այդ տեսլականն իրականություն դարձնելու համար, ապա մի օր այդ տեսլականն անպայման իրականություն կդառնա, մի օր ոչնչից կստեղծվի հսկայական դպրոց, մի օր, գուցե աշխարհի ամենափոքր նյութական և ֆիզիկական հնարավորություններով, կստանաք առավելագույնը»:
Նախագահը սաներին մաղթել է շարունակել այն լավ գործը, որն սկսել են դպրոցի հիմնադիրն ու նրա գործընկերները, և առաջնորդվել կրթահամալիրում ստացած արժեքներով:
«Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի մեջ տեսնել նոր Հայաստանի ստեղծագործ ուժը, ուզում եմ, որ հանդես գաք որպես նոր հայրենքի պաշտպաններ: Հայրենիքի շահերը պետք է պաշտպանել ամենուր՝ լինելով լավագույնն աշխարհում՝ լավագույն ֆիզիկոսները, բնապահպանները, առհասարակ, լավագույն մասնագետները: Մեր այս փոքր, բայց թանկարժեք հայրենիքը դարձրեք աշխարհում լավագույն երկրներից մեկը»,-ընդգծել է նա:
Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից նախագահը մեկնել է «Դասարան» կրթական կենտրոն: Կենտրոնի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը հանրապետության նախագահին ծանոթացրել է կազմակերպության կառուցվածքին և կատարած աշխատանքներին:
Արմեն Սարգսյանը զրուցել է արդիական կրթաձևերին, ներառական կրթությանը և երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող աշխատանքային սեմինարի մասնակից ուսուցիչների հետ, ովքեր ներկայացնում էին մայրաքաղաքի և մարզերի դպրոցները, ինչպես նաև ներկա է գտնվել աշակերտների համար անցկացվող «Առաջին բուժօգնություն» հատուկ դասին:
Այցի ավարտին Հանրապետության նախագահին է ներկայացվել «Դասարան» կրթական ծրագիրը, մասնավորապես՝ «Դասարան»-ի կողմից մշակված E-stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքը, որը հնարավորություն է տալիս ընդգրկուն կերպով դիտարկելու հանրակրթական համակարգի բոլոր շերտերն ու վերլուծելու դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը, ինչպես նաև ժողովրդագրական տվյալների դինամիկան: