Ինդոնեզիայում ձերբակալել են շնաձուկ հեծնած տղամարդուն (լուսանկարներ)
Ինդոնեզիայում ձերբակալել են տղամարդուն, որը կետային շնաձուկ է հեծնել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:
Նշվում է, որ դայվինգի պարապունքի ժամանակ տեղացի գործարարն իր ընկերների հետ փորձել է «հեծնել» շնաձկանը, որը լողում էր մոտակայքում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը պառկում շնաձկան մեջքին, իսկ նրա ընկերները բռնում են ձկան լողաթևերը:
Հայտնի է, որ Ինդոնեզիայում կետային շնաձկները գտնվում են պաշտպանության տակ: Դայվերներին արգելվում է դիպչել այս կենդանիներին, քանի որ նրանց շատ հեշտ է վնասել: Այս ձկները վտանգավոր չեն մարդու համար:
Դայվերների գործողությունները զայրացրել են ինդոնեզիացի կենդանիների պաշտպաններին, և միջադեպը հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ տղամարդը ձերբակալվել է: