Մեկնարկել է բանակային ուս. տարվա 2-րդ կիսամյակը. Արցախում է Պաշտպանության նախարարը (լուսանկարներ)
Արցախի պաշտպանության բանակում այսօր՝ օգոստոսի 13-ին մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը: Այդ առիթով հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել եւ անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ու հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Շնորհակալություն հայտնելով անձնակազմին նախորդ կիսամյակում իրականացրած գերազանց ծառայության եւ բարձր ցուցանիշների համար, ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է նաեւ այն խնդիրների համալիրը, որը պետք է լուծում ստանա արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում՝ շեշտը դնելով գիտելիքների եւ հմտությունների շարունակական կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա:
Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի իր պաշտոնակից Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ-ի հյուսիսարևելյան առաջնագիծ, ծանոթացել «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի կողմից այստեղ իրականացվող ծրագրերին, քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ եւ հավանական զարգացումներով, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների:
Իրենց ելույթներում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ արդյունավետ մարտական հերթապահության կարևոր բաղադրիչներից են նաև անձնակազմի բուժապահովման համալիր գործընթացները, որոնք առավել բարձր արդյունավետությամբ կազմակերպելու գործին, արդեն մի քանի տարի շարունակ, մեծ աջակցություն է ցուցաբերում «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը` տրամադրելով առաջապահ բոլոր ստորաբաժանումներին առաջին բուժօգնության անհատական եւ հատուկ մասնագիտական լրակազմեր:
Ծրագրի նախաձեռնողներն էլ վստահեցրել են, որ առաջիկա տարիներին ևս հիմնադրամը կշարունակի գտնվել Զինված ուժերի կողքին եւ իր գործուն աջակցությունը ցուցաբերել այս կամ այն բնագավառի աշխատանքներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու գործին: