Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի «Սուրմալու» կայարանի նախագիծը (լուսանկար)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգում մասնագիտական գործունեություն ծավալող, տասնյակ տարիներ մետրոպոլիտենի զարգացման ծրագրերով զբաղվող Նիկոլայ Դավթյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
Նիկոլայ Դավթյանը 1987-2001 թվականներին աշխատել է Երևանի մետրոպոլիտենում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Նա ներկայացրել է Պահածոների գործարանի տարածքում նախատեսվող մետրոպոլիտենի «Սուրմալու» («Սուրբ Մարի») կայարանի, մետրոպոլիտենի զարգացման և վերափոխման հեռանկարների վերաբերյալ իր նախագծերը:
Մետրոպոլիտենի երկու՝ «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների միջև «Սուրմալու» նոր կայարանը հնարավորություն կտա «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կենտրոններն ու Սևան փողոցը՝ ապահովել այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով, դա կնպաստի տվյալ տարածքների տրանսպորտային բեռնաթափմանը:
Ղուլարյանը ծանոթանալով նախագծային աշխատանքին, նշել է, որ մետրոպոլիտենի զարգացումը Երևանի համար ունի ռազմավարական նշանակություն:
Նա առաջարկել է Նիկոլ Դավթյանին՝ քննարկում կազմակերպել Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի մոտ` ներկայացված նախագիծը մասնագիտական բոլոր չափորոշիչներին համապատասխան քննարկելու և ապագայում կիրառելու համար: