Հայրը փորձել է իր վրա վերցնել մահացու ելքով վրաերթի մեղավորությունը (լուսանկարներ)
Օգոստոսի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ ձերբակալվել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Մանուկյանը։
Shamshyan.com կայքի փոխանցմամբ, վերջինս կասկածվում է օգոստոսի 1-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ֆաստ Կրեդիտ» վարկային կազմակերպության հարևանությամբ, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Երվանդ Բաբայանին Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու, այնուհետև ավտոմեքենան դեպքի վայրում թողնելու և փախուստի դիմելու մեջ։
Վրաերթից կարճ ժամանակ անց Կոտայքի ոստիկանություն էր ներկայացել նրա հայրը՝ 57-ամյա Հովհաննես Մանուկյանը, ով հայտնել էր, որ վրաերթը կատարել է ինքը։ Մինչ հայրը փորձում էր իրավապահներին մոլորեցնել, Աբովյանի ոստիկաններն ու քննիչները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ պարզել են, որ հայրը կեղծ տեղեկություններ է տալիս կատարվածի մասին։