Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվեց Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը (լուսանկարներ)
ՀայաստանիՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի բացմանը:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ հայ-իտալական մշակութային կապերը ամուր հիմքեր և դարերի պատմություն ունեն: Թե Հայաստանում և թե Իտալիայում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակը երկու երկրների մշակութային ժառանգությունը ներկայացնելը և բարեկամությունը վերահաստատելն է: «Հայաստանում առկա ներուժը և միջազգային փորձագետների ներգրավումը հիմք է դնելու հուշարձանների պահպանության ուսումնասիրությանը: Այն հարթակ է հանդիսանալու տարածաշրջանում մասնագետների և փորձագետների համագործակցությանը»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ կենտրոնի առկայությունը Հայաստանում էլ ավելի է ամրապնդելու հայ-իտալական մշակութային կապը և հարթակ է հանդիսանալու փոխշահավետ համագործակցության համար:
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսի խոսքով՝ այսպիսի մշակութային կենտրոն բացելու հնարավորություն հաճախ չի լինում: «Մշակույթը երկրներն ու ազգերը կապող այն արդյունավետ տարրն է, որը նյութականացնում է մեր ապրելակերպը,մեր երկու ժողովուրդները կապող այս բարեկամությունը, որը հիմնված է հին, անտիկ մշակութային արմատների վրա»,-ասաց նա: Նախագահները վերջում շրջայց կատարեցին Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնում: