Տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահների հանդիպումը (լուսանկարներ)
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները։
Նախագահ Արմեն Սարգսյանը, ողջունելով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային, նշել է, որ նրա այցը պատմական է, քանզի Իտալիայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան:
Ընդգծելով, որ հայ-իտալական հարաբերությունների հիմքում ընկած են երկու հնամենի ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք արժեհամակարգը, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանի անկախությունից հետո անցած քառորդ դարում հայ-իտալական միջպետական հարաբերությունները զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով:
Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան մտքեր են փոխանակել հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ, նշել, որ երկու երկրների բազմաշերտ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ եւ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է հասցնել որակական նոր մակարդակի։
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելային պարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: