Ռուսական մետրոյի պայթյունը թուրքական պատասխանի մաս էր.այժմ ռուսական գործողությունների հերթն է
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արձագանքն իրեն սպասեցնել չի տալիս: ԱՄՆ պետդեպարտամենտը և Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր գրասենյակը իրենց քաղաքացիներին կոչ են արել խուսափել առաջիկա առնվազն մեկ ամսվա ընթացքում Թուրքիա այցելել՝ այնտեղ ահաբեկության բարձր հավանականություն կանխատեսելով:
Իրականում, կարծում եմ, ամերիկացիները ոչ թե կանխատեսել են, այլ հստակ ինֆորմացիա ունեն, որ առաջիկա օրերին Թուրքիան կստանա Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գործողությունների համարժեք պատասխանը: Չմոռանանք, որ 2015-ի նոյեմբերից սկսած՝ ռուսներն ու թուրքերը պատերազմում են բարեկամության թատրոնում: Պաշտոնապես համագործակցության բարձր մակարդակ է՝ նույնիսկ նախագահների հանդիպումներով ուղեկցվող, մինչդեռ մեկ ռուսներն են թուրքական ռազմաբազա արկակոծում, մեկ թուրքերը հարձակվում ռուս դեսպանի վրա:
Ամենաթարմ օպերացիան տեղի ունեցավ մարտի 20-ին, երբ ռուսական զորքերը պայմանավորվածության եկան Սիրիայի հյուսիսային տարածքներում տեղավորված քրդական խմբավորումների հետ, և Աֆրին նահանգում ռուսական բազա հիմնվեց: Սա թուրքական կողմն անվանեց հարված թիկունքից՝ Ռեջեփ Էրդողանի մակարդակով խոստանալով անպատասխան չթողնել:
Բազմաթիվ քաղաքագետներ չեն կասկածում, որ ռուսական մետրոյի պայթյունը թուրքական պատասխանի մաս էր, ինչը ընկալվեց և գնահատվեց ռուսների կողմից: Այժմ ռուսական գործողությունների հերթն է:
Հաշվի առնելով, որ ապրիլի 16-ին Թուրքիայում սպասվում են կարևոր քաղաքական գործընթացներ՝ սահմանադրական համապետական հանրաքվե, չեմ կասկածում, որ բացի ՔԲԿ (PKK) քրդական արգելված խմբավորման հարձակումներից, կլինեն նաև այլ արտակարգ իրավիճակներ՝ հասկանալի է, թե ով է լինելու կանգնած դրա թիկունքում: Թուրքերն առաջիկա օրերին կկրեն ծանր կորուստներ հատկապես հարավարևելյան (Վան, Դիարբեքիր, Սասուն), հյուսիսային (Համշենի և Տրապիզոնի մերձակայք-սա հատկապես նախագծային փուլում գտնվող Աքքույու ատոմակայանի կառուցումը ձգձգելու և ի վերջո չկատարելու միտում ունի), նաև մայրաքաղաքին կից շրջաններում:
Նաիրի Հոխիկյան.ֆեյսբուք: