Նախիջևանի ապաշրջափակման գործընթացում ներգրավված են թուրքական ու իրանական կողմերը
Հարավային Կովկասի ռազմաքաղաքական գործընթացներում ներկայում տեղի են ունենում երկու հիմնական տարածաշրջանային նշանակության միտումներ։ Դրանցից մեկը վերաբերում է հարավկովկասյան ուղղությամբ ներգրավված շահերի միջև բևեռացման լիցքաթափման գործընթացին, որը սկիզբ առավ 2008թ. վրաց-հարավօսեթական ռազմական բախման հետևանքով։
Այս ուղղությամբ մենք ականատես ենք լինում այն միտումների զարգացմանը, որոնք ուղղված են տարածաշրջանում կայունության պահպանմանն ու կառուցողական հարաբերությունների զարգացմանը։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է Վրաստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական ու քաղաքական հարցերում երկխոսության կայացման հարցում կողմերի պատրաստակամությանը և այդ ուղղությամբ կառուցողական կիրառական քայլերի ձեռնարկմանը։
Երկրորդ հիմնական տարածաշրջանային միտումը գլխավորապես կրում է տարածաշրջանում ներգրավված շահերի բևեռացման լիցքավորման նշանակություն։ Այս միտման հիմքում նախևառաջ ընկած է հայ-ադբեջանական հակամարտությունը և դրա ռազմական ճանապարհով կարգավորման հնարավորությունների հարցը։ Հայտնի է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի իշխանությունների ներկայիս մոտեցումները կրում են խիստ ագրեսիվ բնույթ և հեռու են կառուցողական լինելուց։ Ավելին, երկրի՝ զգալի ծավալներով աճ արձանագրող ռազմականացման գործընթացը միմիայն բերելու է տարածաշրջանում լոկալ ռազմական բախումների։
Այս ուղղությամբ շահերի բևեռացման լիցքավորման գործընթացի մեկնարկը տրվեց վերջին մի քանի տարիների կտրվածքով Ալիևի կողմից սահմանային միջադեպերի հրահրմամբ և մասնավորապես սահմանին հայկական ուղղաթիռի խոցումով։ «Ռազմականացման լիցքավորման» միտումը ուղղակի կամ անուղղակի տարածվում է այդ թվում և նախիջևանյան ուղղությամբ՝ Նախիջևանում ռազմական տեխնիկայի կուտակումներ, նոր տեխնիկայի համալրում ու զորամասերի կառուցում, Նախիջևանի սահմանին կից հայ-ռուսական միացյալ զորամիավորման ստեղծում և այլն։
Այս լիցքավորման գործընթացն անդառնալի է, և հայկական կողմին ուղղակի անհրաժեշտ է զուգահեռաբար առավել ուշադրություն դարձնել հենց նախիջևանյան ուղղությանը՝ շեշտադրումը դնելով Նախիջևանի ապաշրջափակման նախաձեռնությունների ձախողմանը, քանի որ դրանք անուղղակիորեն վտանգում են Հայաստանի պաշտպանական ու տարածաշրջանային անվտանգությունը։
Նախիջևանի ապաշրջափակման գործընթացում ներգրավված են թուրքական ու իրանական կողմերը։ Կարծում եմ, իրանական կողմի հետ մենք այստեղ ունենք անելիքներ և կարող ենք հասնել որոշակի հաջողությունների, այնքանով որքանով նման հիմնահարցեր քննարկվում են նաև Ադրբեջանի ու Իրանի միջև Արցախի տնտեսական կամ քաղաքական զարգացման համատեքստում։ Սա սկզբունքային հարց է, և անպայմանորեն պետք է այն ներառել հայ-իրանական հարաբերությունների քաղաքական օրակարգում։
Կարեն Վերանյան. ֆեյսբուք: