Ռուսաստանի քաղաքական վերնախավում դրական առումով փոխվել են Հայաստանի նկատմամբ նախկին ընկալումները
Ապրիլյան ռազմական գործողություններից և ՊՊԾ գնդի գրավման միջադեպից հետո Ռուսաստանի քաղաքական վերնախավում դրական առումով փոխվել են Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների և առհասարակ Հայաստանի նկատմամբ նախկին ընկալումները:
Ապրիլյան ռազմական գործողությունները հաստատեցին տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման միտման մասին, ինչը չէր կարող չազդել մեր տարածաշրջանում ռուսական դիրքերի ամրապնդման հարցի վրա:
Հետապրիլյան ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքական վերնախավում հստակ ընկալում գտավ այն մոտեցումը, որի համաձայն Հայաստանն առանցքային նշանակություն ունի հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման տեսանկյունից: Եվ Հարավային Կովկասում Հայաստանի (ԱՀ) անվտանգությանը նետված մարտահրավերները ուղղակիորեն կարող են բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանում ռուսական դիրքերի պահպանման գործընթացի վրա ընդհանրապես:
Եթե նախկինում մեր տարածաշրջանում ռուսական դիրքերի թուլացումից օգտվում էր Թուրքիան, ապա ներկայում թուրքական կողմից բացի տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնման հարցում շահագրգռված է նաև Իսրայելը:
Կարծում եմ, որ հայկական կողմին անհրաժեշտ է նշյալ մոտեցումները մշտապես բարձրաձայնել Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունում, զուգահեռաբար աշխատանքներ տանելով Իսրայելի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Կարեն Վերանյան.ֆեյսբուք: