Ռուսաստանը Թուրքիայի համար չի իջեցնի գազի գինը
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Թուրքիայի համար գազի գների զեղչման հարցը չի քննարկվել: Այս մասին գրում է «Rambler News Service»-ը:
Այս մասին ՌԴ էներգետիկայի նախարարը հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսից հետո:
Նովակի խոսքով՝ այս պահին իրավիճակը փոփոխվել է:
«Որովհետև, առաջին հերթին, գները նշանակալիորեն իջել են: Այսօր պայմանագրային գների ֆորմուլայով գները մրցունակ են, բավականին շուկայական: Դրա համար այդ հարցը օրակարգային չէ»,- նշել է ռուս նախարարը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ «Թուրքական հոսանք»-ի երկրորդ ճյուղի ճակատագիրը կախված կլինի Եվրամիությունից: Նա հավելել էր, որ առաջին ճյուղի շինարարությունը կավարտվի 2019 թվականի երկրորդ կիսամյակից ոչ շուտ: