Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը «Հյուսիս-Հարավ միջանցք» նախագծով համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել
«Ռուսական երկաթուղի»-ն և Իրանը «Հյուսիս-Հարավ միջանցք» նախագծի շրջանակում համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել: Այս մասին գրում է «Rambler News Service»-ը՝ վկայակոչելով «Իննոպրոմ-2016» ցուցահանդեսի շրջանակում լիագումար նիստի ժամանակ «Ռուսական երկաթուղի»-ի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինի խոսքը:
«Մեզ համար շատ կարևոր տրանզիտային նախագիծը՝ «Հյուսիս-Հարավ միջանցքը» նոր հնչեղություն կստանա, որը ձևակերպել են 4 մասնակիցները՝ Հնդկաստանը, Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը: Նախորդ շաբաթ մենք Իրանի և Ադրբեջանի հետ համագործակցության մասին արձանագրություն ենք ստորագրել, և օգոստոսի 7-ին մենք Մումբայից ցուցադրական կոնտեյներային գնացք կուղարկենք, որը Մոսկվա կբերի բեռը՝ այդ միջանցքի կոնկրետ մասնակիցների հետ համաձայնեցված սակագնով»,- նշել է նա:
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիային կապելու համար: Այն կկապի Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղային ճանապարհները: «Հյուսիս-Հարավ միջանցք»-ի առաջին փուլում նախատեսվում է տարեկան 5 միլիոն տոննա բեռ արտահանել, իսկ հետագայում՝ 10 միլիոն տոննայից ավելի: