ՌԴ պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը՝ «կողմնակալ և ոչ օբյեկտիվ» բանաձևի պատճառով
Ռուսական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը, քանի որ ոչ օբյեկտիվ և կողմնակալ է համարում Ղրիմի վերաբերյալ բանաձևը, որն առաջարկել է Ուկրաինան: Այս մասին հայտնել է վեհաժողովում ՌԴ պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
Այսօր ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեում քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներիի, Ղրիմի թաթարների իրավունքների խախտումների մասին նախագիծը, որն առաջարկել է Ուկրաինան:
Կովալյովը հայտնել է, որ ՌԴ պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել քննարկմանը՝ այն համարելով կողմնակալ և ոչ օբյեկտիվ: Նրա խոսքով՝ բանաձևը կազմված է «պրոպագանդիստական կարգախոսներից», որոնց ռուսները, «բնականաբար, համաձայն չեն»: Ինչպես հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավարը, ռուսական կողմի դիրքորոշմանն աջակցել է ֆրանսիական պատվիրակությունը՝ հայտնելով այն մասին, որ ոչ վաղ անցյալում Ղրիմում էին Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները:
ԵԱՀԿ ԽՎ-ի նիստերը տեղի են ունենում Թբիլիսիում հուլիսի 1-ից 5-ը: