Կրեմլը հաստատել է Սոչիում Լավրով-Չավուշօղլու հանդիպումը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն կհանդիպեն Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստի ընթացքում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն հուլիսի 1-ին Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստի ընթացքում: Հանդիպմանը կքննարկվեն ինչպես տարածաշրջանում տիրող դրությունը, հատկապես սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը, այնպես էլ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման ակտուալ հարցերը»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Էրդողանը և Պուտինը 40 րոպե տևած հարցազրուցում հայտնել են երկկողմ հարաբերությունները վերակենդանացնելու իրենց վճռականությունը:
Նահագահները որոշել են հանդիպել և սկսել առևտրային հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները: