Կարելիայում երեխաների մահվան գործով 4 կասկածյալ է ձերբակալվել
Կարելիայում լճում 13 երեխաների և մեկ մեծահասակի մահվան քրեական գործով չորս կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին «ТАСС»-ին հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Ներկայումս ձերբակալված է չորս կասկածյալ` հրահանգիչներ Ռեգինա Իվանովան և Լյուդմիլա Վասիլևեան, ինչպես նաև «Սյամօզերո պարկ-հյուրանոց» ՍՊԸ-ի տնօրեն Ելենա Ռեշյոտովան, նրա տեղակալ Վադիմ Վինոգրադովը: Ձերբակալվածների հետ տարվում են համապատասխան քննչական գործողություններ, և շուտով կլուծվի խափանման միջոց ընտրելու հարցը»,- նշել է նա:
Ըստ ներկայացուցչի, հետաքննության համար արդեն այժմ էլ պարզ է, որ հրահանգիչները, ովքեր ուղեկցել են երեխաներին արշավի ժամանակ, միանշանակ պատասխանատվություն են կրում նրանց անվտանգության համար:
Ներկայումս հետաքննությունը շարունակվում է դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կարելիայի շրջանում` Սյամոզերո լճում, նավակ է խորտակվել, որի հետևանքով մահացել է 13 երեխա և մեկ մեծահասակ: