Ռիսկ կա, որ աշխարհում աշխարհաքաղաքական լարվածությունը կարող է աճել. Պուտին
Աշխարհում աշխարհաքաղաքական լարվածությունը, որի առաջացումը կապված է տնտեսական անորոշությամբ, կարող է ուժեղանալ և նույնիսկ հրահրվել արհեստականորեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի եռօրյա տնտեսական ֆորումի ժամանակ:
«Պետերբուրգի ֆորումը ավանդաբար այն հարթակն է, որտեղ քննարկվում են ռազմավարական հարցերն ու խնդիրները: Նման քննարկումն այսօր առավել քան երբևէ կարևոր է, երբ աշխարհը լուրջ փոփոխությունների է ենթարկվում, երբ խորը փոփոխությունները վերաբերում են կյանքի բոլոր ոլորտներին»,- հայտարարել է Պուտինը:
«2008-2009 թվականների ճգնաժամից հետո հաջողվեց մասամբ հավասարակշռել ֆինանսական դաշտը, սահմանափակել, սակայն չհաղթահարել պարտքերի աճը, դրամական հոսքերը դարձնել ավելի թափանցիկ և կառավարելի: Սակայն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են համաշխարհային տնտեսության մեջ, պահպանվում են: Դեռևս չի հաջողվում աճ գրանցել»,- նշել է ՌԴ նահագահը:
«Տնտեսական անորոշությունը, աճի նախկին աղբյուրների սպառումը մեծապես պայմանավորում են նաև ժամանակակից աշխարհաքաղաքական լարվածությունը: Կա ռիսկ, որ այն կարող է ուժեղանալ, նույնիսկ արհեստականորեն հրահրվել»,- հավելել է Պուտինը: