Ռուսաստանը պետք է Դոնբասից դուրս բերի զորքերը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ռուսական իշխանություններին հորդորել է դադարեցնել Ուկրաինայի արևելքում իրավիճակը անկայուն դարձնելու գործընթացը, Դոնբասից դուրս բերել զորքերն ու զենքը և հետևել Մինսկի համաձայնագրերին: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
«Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը, որն առաջ է եկել Ռուսաստանի գործողությունների հետևանքով, շարունակում է լուրջ մնալ: Հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են ամեն օր, և դժվարանում է ԵԱՀԿ-ի դիտորդների աշխատանքը»,- հայտնել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է աջակցել զինյալներին՝ զենք և զինտեխնիկա տալով նրանց, իսկ Ուկրաինա-Ռուսաստան սահմանի մոտակայքում կենտրոնացված է ռուս զինվորականների մեծ քանակ:
«Մենք շարունակում ենք Ռուսաստանին հորդորել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դա նաև վերաբերում է Ղրիմին: Ղրիմում զորքերի տեղակայումը ևս Ուկրաինայի ինքնիշխանության խախտում է»,- նշել է Ստոլտենբերգը: