Պուտինը բանակցություններ է ունեցել Իսրայելի վարչապետի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկրների առաջնորդները քննարկել են երկկողմանի համագործակցության ակտուալ հարցերը, մասնավորապես՝ «առևտրատնտեսական փոխազդեցության և մշակութա-մարդասիրական կապերի հետագա ամրապնդման հեռանկարները»:
Նեթանյահուի այցը Մոսկվա նվիրված է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 25-ամյակին:
Նեթանյահուն Մոսկվա էր ժամանել նախօրեին՝ երեկոյան: Նրա այցը կտևի մինչև հունիսի 8-ը, և այս անգամ բացի պաշտոնական մասից՝ բանակցություններից և ստորագրումներից, իսրայելական կառավարության ղեկավարի համար պատրաստել են նաև մշակութային ծրագիր: