Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանը ոչ ադեկվատ է. Լավրով
Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը ոչ ադեկվատ է: Անկարայի՝ գործընկեր լինել չցանկանալը ևս կարող էր գերմանական խորհրդարանին մղել ընդունել այդ որոշումը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
«Ենթադրում եմ, որ այս ամենը վերջնական արդյունքով գալիս է Թուրքիայի՝ իսկական գործընկեր լինել չցանկանալուց և մի շարք այլ հարցերից, նրա՝ պարբերաբար սկանդալներ ստեղծելու փորձերից, իր գործընկերներին վիրավորելուց, այդ թվում՝ Եվրոպայում: Կարծում եմ, որ նրանց արձագանքը Բունդեսթագի որոշմանը ոչ ադեկվատ է»,- նշել է Լավրովը «Вести в субботу» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Նրա խոսքով՝ Մոսկվան գերմանական խորհրդարանի որոշումը դիտարկում է միայն որպես պատգամավորների սեփական կամքի դրսևորում:
«Կարծում եմ, որ սա ուղղակի Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կամքի դրսևորումն է: Այն դիտարկում ենք որպես այդպիսին: Երևի թե, ինչ-որ դեր են խաղացել նկատառումները, որոնք այս քվեարկության նախաձեռնողներին մղել են անել դա հենց այժմ, սակայն ես չեմ կարող ենթադրություններ անել այս հարցով: Բնական է, մենք իմացանք, որ պատրաստվում է նման քվեարկություն, սակայն ամենավերջին պահին»,- նշել է Լավրովը: