Կրեմլը էրդողանին հիշեցրել է, որ ՌԴ-ն Թուրքիայից ներողություն է սպասում
Ռուսաստանը Թուրքիայի ղեկավարությունից սպասում է ներողություն, բացատրություններ, ինչպես նաև փոխհատուցում՝ Սիրիայում խոցված ռուսական «Սու-24»-ի օդաչուի մահվան դիմաց: Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանն այն մասին, որտեղ նա անդրադառնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ինքն ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չի հասկանում, թե ինչ է իրենից ակնկալում Մոսկվան:
«Ես ինձ իրավունք չեմ վերապահում այլ պետության նախագահին որևէ բան խորհուրդ տալ, դա կոռեկտ չէր լինի, սակայն անհրաժեշտ եմ համարում հիշեցնել մեր երկրի նախագահի բազմիցս արված հայտարարություններն այդ կապակցությամբ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը և հավելել,-«Հենց նախագահն էր, որ օդաչուի սպանությունից հետո հայտարարեց, որ, բնականաբար, ռուսական կողմը սպասում է ներողություն, կատարվածի պատճառների բացատրություններ, խոցված օդանավի դիմաց և օդաչուի ընտանիքին տրվող փոխհատուցում»: