«Պանամայի փաստաթղթերի» նոր տվյալները բացահայտել են հայտնի ուկրաինացիների օֆշորային ընկերությունները
Համաձայն «Պանամայի փաստաթղթերի» մայիսի 9-ին հրապարակված տվյալների՝ ուկրաինացի մեծահարուստ Ռինատ Ահմետովի ավագ եղբայր Իգորը և նախկին պատգամավոր Բորիս Կոլեսնիկովը, ինչպես նաև այլ շահառուներ 2014թ-ին օֆշորային «Конти» ընկերությունն են հիմնել: Այս մասին հայտնում է Ուկրաինայի անկախ լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է՝ ընկերությունը գրանցված է Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում: Բացի Կոլեսնիկովից և Իգոր Ահմետովից, ընկերության շահառուների ցանկում կա ևս 7 մարդու անուն, այդ թվում՝ նախկին ժողպատգամավորի կնոջ և Միխայիլ Լյաշկոյի անունները:
Բացի այդ, Յանուկովիչի ղեկավարման օրոք Ուկրաինայի եկամուտների և գանձումների նախարար Ալեքսանդր Կլիմենկոն, համաձայն «Պանամայի փաստաթղթերի», «PROVECO SERVICES LIMITED» ընկերության սեփականատերն է, որը ևս գրանցված է Վիրջինյան կղզիներում դեռևս 1995թ-ից:
Ալեքսեյ Ազարովի՝ Ուկրաինայի նախկին վարչապետի որդու անունով գրանցված է օֆշորային 26 ընկերություն: Հետաքրքրական է, որ բոլոր ընկերությունները գրանցած են նույն օրը՝ 2012թ-ի նոյեմբերի 28-ին: